ՈՒրբաթ-շաբաթօրյա փարիզյան ահաբեկչությունները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում: Տասնյակ տարբերակներ են առաջադրվել արդեն, թե ովքե՞ր էին ահաբեկիչները, ո՞ր երկրում է կազմակերպվել ահաբեկչությունը, ինչո՞ւ ընտրվեց Փարիզը և ինչպե՞ս կանխել հետագա հնարավոր հարձակումները անպաշտպան մարդկանց վրա: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ հարցրի.
-Ո՞րն է լինելու ահաբեկչության դեմ Ֆրանսիայի կառավարության հաջորդ քայլը արտակարգ դրությունից հետո:
-Կարծում եմ՝ Ֆրանսիան ինչ-որ չափով կսկսի փակել ու խստացնել սահմանները՝ դա բնական է: Ավելի մեծ խնդիր է հասարակության հնարավոր բացասական վերաբերմունքը միգրանտների նկատմամբ, այդ վտանգը կա: Ես կարծում եմ, այնուամենայնիվ, Եվրոպան չպետք է փակվի և չպետք է հրաժարվի իր հռչակած սկզբունքներից, օրինակ՝ ազատ տեղաշարժի: Անխուսափելիորեն այս դեպքերից հետո արվելու են եզրակացություններ, գուցե ոչ բոլորը դրական այն երկրների համար, որ դուրս են ԵՄ-ից: Իրավիճակը, իրոք, շատ բարդ է:
-Բայց Ֆրանսիան ունի ժողովրդավարությանը ոչ այնքան հարիր քայլեր անելու իրավունք՝ ստեղծված իրավիճակից հնարավորինս անվնաս դուրս գալու համար:
-Ահաբեկչության սպառնալիքը և պատերազմից փախած միգրանտները տարբեր իրողություններ են: Նրանք այն մարդիկ են, որ փախել են ԻՊ-ի ահաբեկչական հարձակումներից, կորցրել են տուն, ունեցվածք, երբեմն և հարազատներին: Ես սրտով նրանց հետ եմ: Շատերը աշխատասեր արաբներ են, որ ուզում են իրենց ընտանիքի համար անվտանգ կյանք: Բայց պարզ է, որ փախստականների հետ ԻՊ-ը մեծ խումբ ահաբեկիչներ ներմուծեց Եվրոպա՝ իրենց ծայրահեղ տեսակետներով, ու նրանք կարող են պայթեցնել, կրակել, պատանդ վերցնել խաղաղ բնակչությանը: Խնդիրը տարբերակում դնելն է, բոլորն ահաբեկիչ չեն ու մեղավոր չեն, որ հայտնվել են այդ վիճակում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ